Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
Արտասանելով վերջին խոսքերը, Դիմաքսյանը ուղիղ նայեց Մսերյանի աչքերին, որ նախ նրանց մեջ կարդա յուր ընկերոջ համաձայնությունը կամ մերժումը: Իդեալիստը երեսը դարձրեց մի կողմ և լուռ նայեց լամպայի հանդարտ և անշարժ վառվող բոցային լեզվակին, կարծես, նրա հետ խորհրդակցելով, ընդունե՞լ արդյոք Դիմաքսյանի առաջարկությունը: Այդ տևեց ընդամենը մի քանի վայրկյան, հանկարծ նրա աչքերը վառվեցին, նա ոգևորվեց և զգացված արտասանեց.
— Ես ամենաանպիտան մարդը կլինեի, եթե չընդունեի այդ առաջարկությունը: Ոչ միայն համաձայն եմ, այլև հայտնում եմ խորին շնորհակալությունս, որ մի այդպիսի ծանր և լուրջ գործ ինձ ես հանձնում:
— Ուրեմն վճռված է, գործը չպիտի հետաձգել: Թափիր քեզանից անշարժության փոշին, թող այդ միատեսակ կյանքը, սկսիր գործել: Հիշո՞ւմ ես, ինչպես դու մի ժամանակ փափագում էիր ծառայել գյուղական ամբոխին: Ահա քեզ հարմար առիթ և գեղեցիկ ասպարեզ, օգտվիր, եթե քո փափագն այժմ էլ կենդանի է: Ես այստեղ մնալու եմ միայն վաղը, մյուս օրը անպատճառ պիտի գնամ, դու էլ պատրասավիր իմ հայրենիքը ուղևորվելու: Այնտեղ քեզ անհամբեր սպասում է Հաբիգյանը:
— Միայն ի՞նձ է սպասում, իսկ քե՞զ, դո՞ւ...
— Ե՞ս... — պատասխանվեց Դիմաքսյանը մի քիչ տատանվելով... Ես էլ պետք է գնամ իմ ճանապարհով...
— Ինձ հետ միասի՞ն...
— Այո, գաղափարով, բայց ոչ միևնույն ճանապարհով:
Մսերյանը երկմտաբար նայեց նրա աչքերի մեջ, չհասկանալով նրա խոսքերի միտքը:
— Լսի՜ր, — խոսեց Դիմաքսյանը, դարձյալ մի փոքր լռելուց հետո, — երբ ես հայրենիքումն էի, իմ գլխում ծագեց՝ թողնել քաղաքային կյանքը և գնալ այն ճանապարհով, որ այժմ առաջարկում եմ քեզ: Այս միտքը ինձ բավական ժամանակ զբաղացրեց, բայց չեղավ մի վայրկյան, որ նա ինձ գրավեր: Երկար մտածողությունից հետո եկա այն հաստատ եզրակացության, որ ես ստեղծված չեմ խաղաղ գործունեության համար: Թույլ տուր ինձ, Սմբատ, հաղորդել քեզ մի նորություն, այն է, որ իմ մեջ տեղի է ունեցել մի մեծ փոփոխություն, մի տեսակ բարոյական հաղաշրջում: Երկար կլիներ բացատրել, թե ինչպես կատարվեց այս հաղաշրջումը և հազիվ թե կարողանայի բացատրել: Բայց այսքանը կարող եմ ասել, որ այս րոպեիս քո առջև նստած է ուրիշ մարդ, որ այժմ ես այն չեմ, ինչ որ մի քանի ժամանակ սրանից առաջ, այն վհատվող, այն ընկճվող, այն չափազանց դյուրագրգիռ, այո՜, այն հիվանդոտ-ինքնասեր Դիմաքսյանը, որ ամեն մի վայրկյան հուզվում էր, վրդովվում և վիրավորվում: Ես զգում եմ, որ ինձ համար անհրաժեշտ էր տանջվել — տանջվեցի, ես պետք է փորձվեի — փորձվեցի կյանքի քուրայում: Ես շատ անգամ վհատվեցի, շատ անգամ տատանվեցի, եղան վայրկյաններ, երբ վճռում էի թողնել իմ ընտրած ճանապարհը... Բայց այժմ այդ չկա, այժմ այդ բոլորից մնաց իմ մեջ մի ձգտում — շարունակել այն, ինչ որ սկսել եմ յոթ տարի առաջ, կռվել միշտ և անդադար կռվել հասարակական ընդհանուր վնասակար երևույթների դեմ: Այո՜, թող ես անհամեստ լինեմ, բայց անկեղծ եմ. ես զգում եմ, որ միայն և միմիայն այդ տեսակ գործունեության փափագ կա իմ սրտում: Խաղաղ կյանքը, անվրդով գործունեությունն ինձ համար հավասար է մեռելության:
Նա ոգևորված էր, նրա աչքերի մեջ փայլում էր մի նոր, արտաքո կարգի եռանդ, մի պայծառ լույս, որ խրախուսանք, ուժ և հավատ էր ներշնչում Մսերյանին: Թվում էր, որ նա այդ րոպեին տոգորված էր ինչ-որ բարձրագույն, վեհ, անհասանելի ոգով, որի առջև կարող են խորտակվեք կյանքի բոլոր հարվածները: Իդեալիստն յուր սրտում զգաց այնպիսի պատկառանք դեպի յուր ընկերը, որ հավասար էր պաշտելության: Նա տեսնում էր յուր դեմ մի մարդ ամբողջովին կլանված յուր նվիրական, սուրբ և վսեմ գաղափարներով, որոնց նա երբեք, երբեք և ոչ մի դառն հանգամանքում չպիտի դավաճաներ: Նա զգացված բռնեց Դիմաքսյանի ձեռը, ամուր սեղմեց և ոգևորությամբ գոչեց.
— Այո՜, այդ ճիշտ է, ես տեսնում եմ պարզ... թույլ տուր շնորհավորվեմ քեզ քո հաղթության համար...
— Հաղթությո՞ւն:
— Այո՜, կատարյալ հաղթություն, դու սպանել ես քո մեջ այն օձը, որ քեզ այնքան խանգարում էր...
Արդարև, Դիմաքսյանը կարող էր պարծենալ, որ նրան հաջողվեց սպանել այն օձին: Բայց նրա մեջ ծնվեց մի ուրիշ օձ: Վստահությամբ կարող էր ասել, որ այսուհետև մարդկանց ոչ հալածանքը, ոչ վիրավորանքը, ոչ նախանձը, ոչ ատելությունը նրան չեն հուսահատեցնիլ: Նա քաջություն կունենա արհամարհել բոլոր հարվածները, որ կուղղվեն նրա անձնավորության դեմ: Այն նոր օձը, որ այժմ զարթնել է նրա մեջ, նրա անհատական խորին եսը չէ, այլ ուրիշ բան: Այսուհետև էլ նա կվրդովվի, կգրգռվի, կբորբոքվի, բայց, վստահ է, ոչ անձնական վիրավորանքներից, այլ հասարակական կյանքի վատ երևույթներից...
Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի զգացմունքով, հավատով և ոգևորությամբ, որ ամենաթերահավատ մարդուն կարող էր համոզել:
— Կեցցես, ուրեմն, — գոչեց դարձյալ Մսերյանը, — ես համոզված էի, որ այդպես էլ պիտի լինի վերջը:
Եվ, մի փոքր լռելուց հետո, — ավելացրեց.
— Հիշո՞ւմ ես, ինչպես ես քեզ ասում էի, թե կգա ժամանակ, որ դու ամենաբախտավոր մարդը կլինես... Այժմ կարող եմ ասել, որ դու բախտավոր ես:
— Ա՛, ես գիտեմ, որ դու բախտավոր համարելով ինձ, չես մոռանում և իմ անհատական բախտը, — գոչեց Արսենը, — չէ որ մարդ, իբրև հասարակության անդամ, իբրև գործիչ կարող է բախտավոր լինել, իսկ իբրև անհատ — դժբախտ: Մի էակ, որ կարող էր իմ անհատական երջանկությունը ստեղծել, չկարողացավ կամ չկամեցավ այդ անել: Դու գիտես այս բանը: Հուսահատության վայրկյաններ եղան, երբ ես կամենում էի վերջ տալ իմ կյանքին այդ էակի պատճառով: Բայց, շնորհակալ եմ ճակատագրից, այդ չեղավ, ես կարողացա հաղթել իմ մեջ մի սպանիչ զգացում: Այժմ ես վերակենդանացած եմ: Գայանեի պատկերը իմ երևակայության մեջ մինչև կյանքիս վերջը կմնա կենդանի, վառ և, ինչպես մի իդեալ, ես միշտ կպաշտեմ այդ պատկերը: Բայց, ինչպես իրական էություն, ինչպես անհատ — նա այլևս գոյություն չունե ինձ համար...
Այլևս նա ոչինչ չասաց, և Մսերյանն էլ այդ մասին չխոսեց ոչինչ:
Առավոտյան յոթ ժամը դեռ չէր լրացել, Դիմաքսյանն արդեն ոտքի վրա էր: Հյուրանոցի սպասավորի օգնությամբ նա կապում էր յուր ճանապարհի արկղները, երգելով, շվացնելով և երբեմն ծառայի հետ զվարճախոսելով:
Մի ժամ անցած նա պետք է ճանապարհ ընկներ առավոտյան գնացքով դեպի Բաթում, իսկ այնտեղից արտասահման: Նա սպասում էր Մսերյանին, որ պետք է գար նրան ուղեկցելու մինչև երկաթուղու կայարանը: Նախընթաց երեկո ընկերական ուրախ ընթրիքի ժամանակ նրանք վճռել էին այսպես, Դիմաքսյանն առավոտյան ճանապարհ կընկնի, Մսերյանը հենց նույն օրը հրաժարական կտա յուր պաշտոնից և երկու օր անցած կուղևորվի Դիմաքսյանի հայրենիքը: Նախքան ուղևորվելը նա պետք է գնար յուր ընկերոջ նախկին բնակարանը և այնտեղից վերցներ Սիրականին պահ տրված գրքերը, և մի քանի իրեղենները:
Ուղևորվելու ժամանակը մոտենում էր, իսկ Մսերյանը դեռ չէր երևում: Վերջացնելով յուր գործը, Դիմաքսյանը շտապով մի բաժակ թեյ խմեց, նայեց ժամացույցին և սպասավորին հրամայեց մի կառք կանչել: Մսերյանի բնակարանը ճանապարհի վրա էր, նա կարող էր հանդիպել նրան և այնտեղ յուր վերջին բարևները տալ ընկերոջը:
Հենց սպասավորը նոր էր դուրս եկել, երբ ներս մտավ Մսերյանը շտապով և շնչասպառ:
— Ներողություն, որ ուշացա, — գոչեց նա զվարթ եղանակով, — բայց մեղավոր չեմ: Հուզմունքից ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, շարունակ մտածում էի ու մտածում:
— Ի՞նչի մասին:
— Օ՜օ , մի՜ վախենար, այժմ ես առաջվա պես չեմ մտածում, այժմ իմ բոլոր մտքերը կենտրոնացած են մի բանի վրա՝ շտապել շուտով այնտեղ, ուր խոսք եմ տվել գնալու: Ահա , դու արդեն պատրաստվել ես. դեհ, գնանք, կարող ես ուշանալ: Բայց սպասի՜ր, քեզ մոտ հյուր եմ բերել, կարծում եմ, դժգոհ չես լինիլ...
Այս ասելով, նա բաց դռներով գլուխը դուրս բերեց դեպի կորիդոր և ձայնեց.
— Արի՜ , արի՜ նե րս...
Նույն վայրկյանին երևեցավ Սիրականը՝ գդակը ձեռին, մաքուր հագուստով: Նա լուռ գլուխ տվեց և կանգնեց դռների մոտ: Դիմաքսյանը, ուրախ և բարեկամաբար ժպտալով, հարցրեց նրա առողջության մասին, և ձեռը խփելով նրա ուսին, ասաց.
— Չկարծես քեզ մոռացել էի, մտադիր էի կայարան գնալիս կառքը կանգնեցնել, քեզ դուրս կանչել և «մնաս բարև» ասել:
Սիրականի կլորիկ աչքի մեջ ցոլաց անչափ ուրախության փայլը, բայց և նույն վայրկյանին նրա դեմքը ծածկվեց տխրության քողով: Երկու ու կես ամիս էր նա չէր տեսել յուր սիրելի պարոնին, այժմ տեսնում էր մի քառորդ ժամ և, ով գիտե, գուցե այնուհետև այլևս չպիտի տեսներ:
— Դե՜հ, — գոչեց Մսերյանը, նույնպես դառնալով ծառային, — մի ամաչի՜ր, ղոչաղ կաց, հայտնիր խնդիրդ, նա կկատարե:
Սիրականն ամաչելով և տատանվելով մի քայլ առաջ դրեց և հայտնեց յուր խնդիրը: Բանն այն էր, որ նա, Մսերյանից տեղեկանալով Դիմաքսյանի գալստյան մասին և նույնպես այն, թե այսօր ճանապարհվում է, առավոտյան կանուխ հագնվել էր և եկել իդեալիստի մոտ: Նա չէր ուզում ծառայել յուր այժմյան պաշտոնում և խնդրում էր, որ Մսերյանը նրան յուր հետ տանի Դիմաքսյանի հայրենիքը և այնտեղ բարեսիրտ պարոնի կալվածներում մի պաշտոն հանձնի նրան: Իսկապես նրա բուն ցանկությունն էր ծառայել անձնապես միմիայն Դիմաքսյանին, որին նա այնքան ընտելացել էր, որ դժբախտ էր համարում իրան առանց նրան: Բայց նա այդ ուղղակի չասաց: Նա միայն խնդրում էր՝ ազատել իրան այժմյան պաշտոնից:
Առանց երկար տատանվելու՝ Դիմաքսյանը կարգադրվեց Սիրականի վիճակը նրա ցանկության համեմատ: Մսերյանը նրան յուր հետ կվերցնի, Հաբիգյանը կտա նրան մի պաշտոն առժամանակ:
— Այսինքն մինչև արտասահմանից վերադառնալս: Հենց որ վերադարձա, իսկույն Մսերյանին կհեռագրեմ, որ քեզ ինձ մոտ ուղարկի: Բայց ինչո՞ւ, նախքան այստեղ գալը ես մտադիր եմ իմ հայրենիքը գնալ, այնտեղից մենք միասին կգանք այստեղ:
Դարձյալ ուրախության ժպիտը փայլեց Սիրականի թավամազ դեմքի վրա: Այս անգամ արդեն նա իրան երջանիկ էր համարում:
Կառքը պատրաստ էր: Սպասավորը սիրականի օգնությամբ արկղները դուրս տարավ և տեղավորեց կառքի վրա: Երկու ընկեր, ուրախ ու զվարթ խոսակցելով, դուրս եկան: Չնայելով, որ օրը բավական անցել էր, փողոցում մարդիկ չէին երևում: Միայն դանդաղ ընթացքով անցնում էին մի քանի սայլեր աղյուսով և կրով բեռնավորված և մի ոստիկան մայթի վրա կանգնած՝ դիտում էր հյուրանոցից դուրս եկողներին :
Դիմաքսյանը և Մսերյանը նստեցին կառք: Սիրականը, գդակը ձեռին բռնած, մնաց մայթի վրա: Դիմաքսյանը նրան ձեռով նշան արավ, որ կառք նստի: Նա կամեցավ բարձրանալ կառապանի նստարանի վրա:
— Ոչ, այստեղ նստիր, — ասաց Դիմաքսյանը և, մի կողմ քաշելով յուր առջև դրած չեմոդանը, ցույց տվեց դիմացի փոքրիկ նստարանը, — մենք երկուսս էլ շատ փոքրիկ մարդիկ ենք կտեղավորվենք ամեն մի անկյունում:
Դա առաջին կատակն էր, որ նա արավ յուր մարմնի փոքրության մասին: Եվ ոչ մի կեղծիք, ոչ մի ցավ, ոչ մի ափսոսանք չզգացվեց այդ կատակի մեջ: Նա ուրախ էր և զգացված: Նա անընդհատ խոսում էր, ծիծաղում և սրախոսում Սիրականի վերաբերմամբ: Օօ՛, երբեք, երբեք խեղճ ծառան այնքան երջանիկ չէր եղել, յուր մասին կատակներ լսելով, որչափ այդ պահին:
Բայց քանի կառքը մոտենում էր կայարանին, այնքան նրանց խոսակցությունն ավելի ու ավելի ընդհատվում էր և այնքան երկու ընկերների զվարթությունը պակասում էր: Երբ նրանք կառքից ցած իջան և մտան կայարանը, ընդամենը հինգ րոպե էր մնում գնացքի հեռանալուն: Սիրականը արկղները տարավ ուղևորների դահլիճը, շտապով Դիմաքսյանի համար տոմսակ վերցրեց: Ուղևորների թիվը շատ քիչ էր, հեռավոր տեղքեր ճանապարհորդողներ չկային, գրեթե ամենքե էլ գնում էին ամառանոցներ իրանց ընտանքիների մոտ:
Զանգակը հնչեց երկրորդ անգամ և այդ հնչյունը մի տխուր զգացմունք զարթեցրեց թե՜ Դիմաքսյանի և թե՜ Մսերյանի ու Սիրականի սրտում: Չնայելով, որ երեքն էլ հույսով լի էին, թե շուտով, ընդամենը երեք-չորս ամսից հետո, պետք է տեսնվեն, բայց բաժանման զգացումն ավելի հաղթող հանդիսացավ:
Դիմաքսյանը երեք անգամ համբուրվեց Մսերյանի հետ, Սիրականի ձեռի մեջ սեղմեց մի բուռն թղթադրամ և շտապով պլատֆորմից ոտքը դրեց գնացքի կառքերից մեկի սանդուղքի վրա: ճիշտ այն վայրկյանին, երբ նա բարձրանում էր վեր, անզգուշությամբ ուսով կպավ մեկին: Նա հետ նայեց ներողություն խնդրելու և երես առ երես հանդիպեց Բարաթյանին:
Նրա մարմնով ակամա մի ցնցումն անցավ: Բայց դա մի վայրկենական անցողիկ ցնցում էր, որ ոչինչ կապ չուներ նրա գիտակցության հետ: Նրա դեմքի վրա երևաց մի սառն ժպիա: Նա անտարբեր կերպով երեսը դարձրեց և հանդարտ բարձրացավ վերև: Բարաթյանը կանգնած էր դեռ ցածում: Նա չէր շտապում: Մի ձեռը ճանապարհի պայուսակին հենած, մյուսով ոլորելով յուր բեղերը, նա խոսում էր յուր մոտ կանգնած Վեքիլյանի հետ: Հենց որ տեսավ Դիմաքսյանին, նա ճիգն արավ յուր գեր ու կարմիր դեմքին արհամարհական արտահայտություն տալ: Բայց այս անգամ այդ չհաջողվեց նրան...
Նա աչքունքը թթվացրեց և բարձրացավ կառքի վրա: Զանգակը հնչեց երրորդ անգամ: Փոքրիկ լուսամուտներից մեկում երևաց Դիմաքսյանի գլուխը, մյուսում Բարաթյանի գլուխն ու կուրծքը:
— Վաղը չէ մյուս օր անպատճառ, — գոչեց Դիմաքսյանը, գդակը վերցնելով վերջին բարևը տալու Մսերյանին:
— Ո՜չ, հենց վաղն ևեթ, — պատասխանեց իդեավիստը, — հենց վաղն ևեթ, ես և Սիրականը...
Այո՜ , տալով վերջին բարևը յուր ընկերոջ, նա նույն վայրկյանին մտքում վճռեց այլևս ոչ մի ավելորդ օր չսպասել և հենց վաղն ուղևորվել այնտեղ, ուր նա հույս ուներ օգտավետ մարդ դառնալու...
Գնացքը շարժվեց, կառքերը միմյանց հետևից դղրդալով անցան Մսերյանի առջևով: Միևնույն կառքի մեջ անցան նրա երկու ընկերները, որոնցից մեկը տանում էր նրա խորին սերը, հարգանքը, մյուսը նրա արհամարհանքը և ատելությունը...